Հրապարակումներ / Չհատուցվող գումար
Չհատուցվող գումար
Չհատուցվող գումար (excess, deductible)
Չհատուցվող գումարը վնասի այն մասն է, որը կրում եք դուք նախքան ձեր պայմանագիրն ուժի մեջ կմտնի, և ձեր պահանջները կփոխհատուցվեն:
Չհատուցվող գումարի չափը և տեսակը կարող է լինել տարբեր՝ կախված ձեր պայմանագրի և ծածկույթի տեսակից, ապահովագրական ընկերությունից և ապահովագրավճարի չափից։ Սակայն, որպես կանոն, եթե ձեր պայմանագրի համար սահմանված է բարձր չհատուցվող գումար, ապա ապահովագրավճարն ավելի ցածր կլինի և հակառակը։
Ենթադրենք՝ դուք ունեք գույքի ապահովագրություն, որի չհատուցվող գումարը 20,000 դրամ է։ 150,000դրամի վնասի դեպքում դուք կկրեք 20,000 դրամի չափով վնասի վերականգնման ծախսը, իսկ ընկերությունը կփոխհատուցի ձեզ 130,000 դրամ:
Ինչու՞ է կիրառվում չհատուցվող գումարը․
- Բարոյական վտանգի նվազեցում․ խրախուսում է պատասխանատու վարքագիծ,
- Ֆինանսական կայունություն․ թույլ է տալիս խուսափել մանր և հաճախակի հայցերից, որոնք ծախսատար են ընկերության համար։ Նման հայցերի մեծ քանակները կարող են անուղղակիորեն բարձրացնել ապահովագրավճարները։
Չհատուցվող գումարի տեսակներն են․
Ֆիքսված մեծությամբ
Օրինակ՝ սահմանվում է հստակ գումարի չափ յուրաքանչյուր պահանջի դեպքում։
Տոկոսային մեծությամբ
Սահմանվում է տոկոս, որը կիրառվում է վնասի գումարի նկատմամբ․ օրինակ՝ եթե ձեր տունը ապահովագրված է 10մլն դրամով, և չհատուցվող գումարը 2% է, ապա դուք կկրեք վնասի 2%-ը (200,000դրամ):
Ֆրանշիզա
Ֆրանշիզան կիրառվում է նույն նպատակով, ինչ չհատուցվող գումարը, սակայն այն աշխատում է այլ կերպ․ սահմանվում է հատուցման շեմ, և եթե՝
- վնասի չափը փոքր է ֆրանշիզայից, ապահովագրողը չի վճարում ոչինչ
- վնասը մեծ է ֆրանշիզայից, ապահովագրողը վճարում է ամբողջ վնասի համար, ոչ թե վնասի և ֆրանշիզայի տարբերությունը։